Այս ուսումնական աշունը մեր 12-րդ դասարանցիները կհիշեն նաև դեպի Գյումրի այցով, որը վարժարանում ավանդական է դարձել:

Մինչ Գյումրի հասնելը մենք եղանք Հառիճավանքում և տեսանք միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկը՝ 7-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր եկեղեցին: Գուցե ոչ բոլորը գիտեն, որ վանքը եղել է նաև գիտության կենտրոն, այնտեղ գործող հայտնի դպրոցում 1887-1889 թվականներին սովորել է Ավետիք Իսահակյանը։

Քիչ անց մենք հասանք սիրելի Գյումրի: Առաջին կանգառը Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանն էր, որտեղ բացահայտեցինք արհեստներն ու արվեստները, այնուհետև այցելեցինք Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարաններ, Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարան, հայտնվեցինք 1834-ին կառուցված խորհրդավոր Սև բերդում, զբոսնեցինք Գորկու այգում և իհարկե տեսանք «Մեր մանկության տանգոն» սիրված ֆիլմի պատշգամբը և «Վռեմ-մարեմ» պատը: