Հարգարժա՛ն ուսուցիչներ,

Շնորհավորում եմ Ձեզ Ձեր մասնագիտական տոնի առթիվ։ Եղեք առողջ, նորարար, բարեփոխումներով միշտ վառ պահեք Ձեր սաների հայրենասիրական ոգևորության կրակը․ մեր այս հիասքանչ երկրի ապագան նրանց ձեռքերում է։ Ձեզ բաժին է հասել ամենաբարդ, սովորողի ուսուցման և անթերի դաստիարակության գործը։ Դրանով է պայմանավորված Ձեր անփոխարինելի դերակատարությունը մեր երկրի զարգացման գործում։ Մեր վաղվա օրը պայմանավորված է Ձեր այսօրվա նպատակային և արդյունավետ աշխատանքով։

Անշուշտ, դժվարին ժամանակներում ենք ապրում․ պատերազմի և համավարակի հետևանքները, հասարակական հաճախ անհասկանալի փոփոխությունները և ցնցումները, սոցիալ-քաղաքական ու տենտեսական ոչ ամենուրեք և ոչ միշտ տեղին ընթացող բարեփոխումները և հատկապես՝ իներցիոն մնացորդային երևույթները դրական նախադրյալներ չեն ստեղծում Ձեր ստեղծագործ աշխատանքի համար։ Բարեբախտաբար, վերջին մեկ տարվա ընթացքում կատարված տեղաշարժերը հուսադրող են, որոշակի դրական երաշխիքներ են ստեղծվել հանրակրթության ոլորտի բարեփոխումների համար։ Համոզված եմ, որ հասարակության բարոյական նկարագիրը պայմանավորված է նախ և առաջ ուսուցչի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքով։ Հասարակության մեջ ամենակարևոր դերակատարություն ունեցող անդամը Դուք եք և դրվատանքի խոսքերից զատ հարիր է, որ Դուք համարժեքորեն Ձեր կատարած և որակավորված աշխատանքի դիմաց ֆինանսական փոխհատուցում ստանաք։

Կրկին շնորհավորում եմ Ձեզ և ցանկանում խաղաղ ու ստեղծագործական աշխատանք։

Հարգանքներով՝ ԵՄՀ ռեկտոր, Եվրասիա վարժարանի հիմնադիր, աշխ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան