Օրերս իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ «Եվրասիա» վարժարանի  աշակերտները «Արդարադատության համակարգը Հայաստանի Հանրապետությունում» առարկայի շրջանակներում դասախոս Լիա Թևոսյանի  հետ այցելեցին Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Հանդիպման ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն աշակերտներին ներկայացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ «Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը»։

Աշխատակազմի ներկայացոցիչները, որպես երեխաների իրավունքների պաշտպանության լավագույն գործիքակազմ, կարևորել են Պաշտպանին դիմելու հասանելիությունն ու մատչելիությունը՝ նշելով հնարավոր բոլոր եղանակները։ Դա հնարավորություն է տալիս երեխաներին ուղիղ կապի միջոցով բարձրաձայնել խնդիրների մասին՝ նպաստելով առավել արդյունավետ արձագանքմանը:

Աշակերտները ուղղեցին իրենց  հետաքրքրող հարցերն ու քննարկեցին կրթություն ստանալու իրավունքի, խոսքի ազատության, մտքի և կրոնի ազատության, անձնական կյանքի պաշտպանության, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև պատերազմական իրավիճականերում,  իրավապահ մարմիներին առնչության դեպքում երեխաների իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր։

Հնչել են դպրոցահասակների շրջանում բուլինգի դրսևորումների և սոցիալական ցանցերում անձնական տվյալների տարածման ու վերահսկելիության խնդիրներին առնչվող հարցեր, որի շրջանակում ներկայացվել են տեղեկատվական հարթակներում «Մոռացված լինելու» իրավունքի իրացման եղանակները։