ԼԻԼԻԹ ԲԱԴԵՅԱՆ | Եվրասիա վարժարանում դասավանդում է «Մաթեմատիկա» առարկան

«Ուսուցիչը պետք է թույլ տա աշակերտին, որ վերջինս կարողանա լուծումներ գտնել, որպեսզի կյանքում էլ որևէ դժվարությունների հանդիպելիս, կարողանա այդ դժվարություններին լուծումներ տալ»:

– Տիկին Բադեյան ո՞վ Ձեզ ուղղորդեց, որ ընտրեք ուսուցչի մասնագիտությունը:

– Մասնագիտությունն ընտրել եմ հայրիկիս խորհրդով, քանի որ նա կործում է, որ այս մասնագիտությունը կնոջ համար լավագույն աշխատանքն է:

– Ո՞րն է հիմնական տարբերությունը Ձեր դպրոցական տարիների և ներկայումս ուսուցչի աշխատանքում:

– Մեր ժամանակվա համեմատ այսօր ուսուցիչներն ավելի ինտերակտիվ են, ավելի շատ են շփման եզրեր գտնում աշակերտի հետ, գործնականին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, հիմնականում թողնում են, որ աշակերտներն իրենք գտնեն լուծումներ, բացի այդ, կոնկրետ մեր վարժարանում, մոտեցումն անհատական է. հաշվի է առնվում յուրաքանչյուր աշակերտի կարծիքը, և, ըստ այդմ, իրականացվում է ուսուցման գործընթացը:

– Ինչպիսի՞ն պետք է լինի ապագա ուսուցիչը:

– Ապագա ուսուցիչը նույնպես պետք է կարողանա հարաբերություններ կառուցել աշակերտների հետ: Պետք է թույլ տա աշակերտին, որ վերջինս կարողանա լուծումներ գտնել՝ թեկուզ սխալվելով, և դրա հիման վրա նորից վերադառնա նոր լուծումներ գտնելու, որպեսզի հետագայում՝ կյանքում էլ որևէ դժվարությունների հանդիպելիս, կարողանա այդ դժվարություններին լուծումներ տալ:

– Ձեր խորհուրդը նրանց, ովքեր ցանկանում են ընտրել ուսուցչի մասնագիտությունը:

– Ցավով պետք է փաստել, որ, ընդհանուր առմամբ ուսուցչի մասնագիտությունն ընտրողների թիվը նվազել է, ինչը հաճախ մեկնաբանվում է այն պատճառով, որ ուսուցիչը քիչ է վարձատրվում: Այդուհանդերձ, եթե հարցը դիտարկենք անհատական մակարդակում, կասեմ հետևյալը՝ պետք է, նախ և առաջ սիրել ուսուցչի աշխատանքը, քանի որ դու գործ ունես սերունդների հետ, ում պատրաստում ես ապագա կյանքին և պետք է սիրով կատարես այդ աշխատանքը: