«ԵՎՐԱՍԻԱ» ավագ դպրոց-վարժարանում կայացավ «Գիտակ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որին իրենց մասնակցությունն էին բերել Երևանի և մարզերի 14 հիմնական դպրոցի 100 աշակերտ։

Մրցույթի նպատակն էր օգնել դպրոցականներին ամրապնդելու հայոց լեզվի և գրականության, մաթեմատիկայի և հայոց պատմության վերաբերյալ գիտելիքները, ձեռք բերել գիտելիքները արագ կիրառելու հմտություններ։

Բացման արարողությանը մասնակիցներին ողջունեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը․ «Շնորհակալություն ենք հայտնում, որ ընդունել եք մեր հրավերն ու հայտագրվել։ Այսօր այս դահլիճում արդեն իսկ հաղթող են բոլորը։ Սա յուրատեսակ հարթակ է՝ ևս մեկ անգամ ստուգելու ստացած գիտելիքները, հասկանալու, թե որքան մրցունակ եք դուք, և թե հետագայում ինչպես եք ինքնուրույն հաղթահարելու Ձեր իսկ ընտրած ճանապարհը։ Ես համոզված եմ, որ այսքան գիտակ աշակերտների խաղը լինելու է դիտարժան և մաղթում եմ նորանոր հաջողություններ»։

Մրցութային թեժ պայքարում խաղի հաղթող ճանաչվեց Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի թիմը։ Եզրափակիչ եռյակում էին Երևանի թիվ 45 և Սմբատ Բյուրատի անվան համար 125 հիմնական դպրոցները։