ԷԴՈւԱՐԴ ՍԵԴՐԱԿՅԱՆ | Եվրասիա վարժարանում դասավանդում է «Արվեստ» առարկան

– Դուք այսօր կրթում եք սերունդներին, ո՞վ Ձեզ ուղղորդեց, որ զբաղվեք մանկավարժությամբ, արվեստի գաղտնիքները փոխանցեք երիտասարդներին:

– Իմ խորին համոզմամբ մանկավարժի մասնագիտությունը ծնվում է մարդու հետ, ինչպես ծնվում է արվեստը: Ես չեմ կարողանում պատկերացնել՝ «մեկին դարձնել մանկավարժ», որովհետև մանկավարժությունը մասնագիտությունների ամբողջական համալիր է, որը ներառում է և՛ հոգեբանություն, և՛ մարդաբանություն, և այլն: Այդ պատճառով մանկավարժը պետք է ծնվի այդպիսին: Իմ դեպքում ես դեռ փոքր հասակից մանկավարժ էի: Մայրս եղել է ուսուցիչ, հավանաբար գենետիկորեն այն փոխանցվել է ինձ, և անգամ Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանն ընդունվելուց մեկ տարի հետո ես ճամբարներում ինձնից թերևս երեք տարի փոքրերի հետ աշխատում էի որպես ջոկատավար: Ուսումնարանն ավարտելուց հետո անցա ուսուցչական աշխատանքի այն դպրոցում, որտեղ ես էի սովորել. նկարչական հիմքս հենց այդ դպրոցում էր դրվել: Դասախոսական աշխատանքի անցել եմ բուհն ավարտելուց հետո:

– Ո՞րն է հիմնական տարբերությունը Ձեր դպրոցական տարիների և ներկայումս ուսուցչի աշխատանքում:

– Հարցին կպատասխանեմ միմյանց հակասող երկու տեսակետով. և՛ ոչ մի տարբերություն չկա, և՛ կա: Ինչպես արդեն նշեցի, մանկավարժը պետք է ներքուստ լինի մանկավարժ, և եթե դա կա քո մեջ, դու աշխատում ես յուրաքանչյուր տարիքում: Ես աշխատել եմ և՛ շատ երիտասարդ ժամանակ, և՛ այսօր: Ես այսօր էլ աշխատում եմ միևնույն բանաձևով՝ դաստիարակել ուսանողին մեր երկրին պիտանի մարդ դառնալու նպատակով: Սակայն տարբերությունը մեծ է այն առումով, որ իմ սերնդի համեմատ այսօրվա սերունդը շատ ավելի տեղեկացված է: Նա մի փոքր հեռախոսի միջոցով անգամ գաղափար է կազմում աշխարհի մասին: Այսօրվա երեխայի հետ աշխատելը շատ ավելի հետաքրքիր է, և այս փաստը մի քիչ էլ բարդացնում է մանկավարժի աշխատանքը, քանի որ ինքն էլ պետք է ունենա համապատասխան տեղեկատվություն աշակերտների հարցերին պատասխանելու և նրան նոր բան տալու համար:

– Ինչպիսի՞ն պետք է լինի ապագա ուսուցիչը:

– Ուսուցիչն ունի մեկ խնդիր թե՛ երեկ, թե՛ այսօր և թե՛ վաղը. կրթել ՄԱՐԴՈՒ, դաստիարակել պիտանի քաղաքացի, պատրաստել գիտելիքով հարուստ սերունդ:

– Ձեր խորհուրդը նրանց, ովքեր ցանկանում են ընտրել ուսուցչի մասնագիտությունը:

– Խորհուրդս է ևս մեկ անգամ խորհել՝ արդյոք իրենք ի վիճակի են հավաքել այնքան գիտելիք, որ կարողանան տալ ուրիշին, արդյոք ի վիճակի են ներթափանցել տարբեր տարիքի աշակերտի հոգեբանության մեջ, մտածել նրանց նման՝ ավելացնելով իրենց միտքը և նյութը մատուցել նրանց: