Հանրակրթական դպրոցում ուսուցման պաշտոնական լեզուն հայերենն է: Նշանակում է, թե դպրոց հաճախող երեխան բավարար միջավայր ունի մայրենի լեզվամտածողության լիարժեք զարգացման համար:

Լեզուն մշակույթի ամենաճշգրիտ ու անսխալական նշանացույցն է: Այն ազգի հոգին է. կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը: Լեզուն մեր գոյության, մեր ինքնության նախադրյալն է: Յուրաքանչյուր հայ պարտավոր է անթերի տիրապետել իր մայր լեզվին, գրագետ գրել և հաղորդակցվել: Ցավոք, այսօրվա սերունդը պատշաճ մակարդակով չի տիրապետում իր լեզվին, բանավոր և գրավոր խոսքում թույլ է տալիս բազմաթիվ սխալներ: Լատինատառ հայերենով գրելը ախտահարեց նրանց ձեռք բերած ուղղագրական գիտելիքներն ու հմտությունները: Լեզվի ուսուցիչները կփաստեն, թե ինչպես մեր «ս» տառը ազդեցության տակ դարձավ «ց», «թ»-ն ՝ «տ», «պ»-ն՝ «փ», և այլն:

Ավագ դպրոցի կրթական ծրագրի ուսուցման արդյունավետության և մայրենի լեզվից մնացորդային գիտելիքի բացահայտման լավագույն մեթոդներից մեկը հանպատրաստից ստուգումների անցկացնումն է:

Օրերս Եվրասիա վարժարանի տնօրենության կողմից նման աշխատանք տարվեց 10-րդ դասարանում: Հանպատրաստից տրված թելադրության արդյունքները, ճիշտ է, շատ բարձր չէին, բայց և այնպես կարելի է համարել գոհացուցիչ, որովհետև  56 %-ը ստացել է բարձր գնահատական, 36 % ՝  միջին,  8 % ստացել է անբավարար:

Տնօրենության կարծիքով տարբեր դպրոցների հիմնական կրթական ծրագրերը յուրացրած և մրցութային հիմունքներով վարժարան ընդունված աշակերտները դեռևս լիարժեք չեն հարմարվել վարժարանային կրթական ծրագրի պահանջներին, մանավանդ՝ նախամասնագիտական ուսուցման ծրագրի յուրահատկություններին: Այնուամենայնիվ, այն կարծիքին ենք, որ բոլոր երաշխիքները կան, որպեսզի ուսումնական տարվա ավարտին ակնկալենք ուսման առաջադիմության ավելի բարձր արդյունքներ:

Առաջիկայում նախատեսվում է անցկացնել էսսեների մրցույթ՝ զարգացնելու աշակերտների ստեղծագործական-հետազոտական հմտությունները: Յուրաքանչյուր աշակերտ պետք է կարողանա գեղարվեստորեն ստեղծագործել, յուրահատուկ էսսեներ գրել, որոնց բովանդակությունը կգնահատի մասնագիտական հանձնախումբը:

Դասավանդման ժամանակակից մեթոդները, նորագույն տեխնոլոգիաների նորամուծությունը, անխոս, բարձրացրին դասերի որակը, բայց հարց է, այդ ամենը կստեղծի՞ հնարավորություն և մոտիվացիա, որ երեխան  շատ կարդա, կարողանա կարդացածը վերարտադրել, քննական մտածողությունը զարգացնելով՝ արտահայտի սեփական մտքերը: Մի՞թե անսխալ ուղղագրությամբ գրելը միայն ուղղագրական կանոններն անթերի սերտելու մեջ է…