Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Եվրասիա վարժարանում ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: Բարձր տրամադրությամբ և անսահման ոգևորությամբ վարժարանի դռները բացեցին աշակերտներն ու մանկավարժական անձնակազմը: Օրը հատկապես բացառիկ էր նրանց համար, որոնք առաջին անգամ էին ոտք դնում կրթության նոր աշխարհ: Տարեսկզբի մեկնարկի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ողջույնի իր խոսքով հանդես եկավ Եվրասիա վարժարանի տնօրեն, աշխ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը:

Տնօրենը շնորհավորեց աշակերտներին Գիտության և դպրության օրվա առթիվ և դիտարկելով կրթությունը որպես յուրաքանչյուր բնագավառի կարևորագույն մաս՝ համոզմունք հայտնեց, որ նոր ուսումնական տարում աշակերտները պատվով կկատարեն իրենց ստանձնած պատասխանատվությունը և կցուցաբերեն առավել բարձր առաջադիմություն: Տնօրենը հատկապես ողջունեց նոր աշակերտների նորամուտը և վերջիններիս հետ կարճատև զրույցում անդրադարձավ կրթադաստիարակչական գործընթացների փոփոխություններին:

Հաջորդիվ, աշակերտներին ողջունեց վարժարանի փոխտնօրեն Գոհար Մելիքբեկյանը: Վերջինս աշակերտներին մաղթեց բարի երթ և նշեց, որ նոր ուսումնական տարում միասին երկար ճանապարհ ունեն անցնելու և այսպիսով կկենսագործեն մի շարք ծրագրեր: Միջոցառման ընթացքում վարժարանի բարձր առաջադիմությամբ աշակերտներին շնորհվեցին գովասանագրեր, իսկ ամառային դպրոցին մասնակցած աշակերտներին՝ վկայականներ:

Ողջույնի խոսքով ծնողական համայնքի անունից արտահայտվեց ծնող, Հատուկ նշանակության զորամասի սպա, ավագ լեյտենանտ Գարիկ Հովակիմյանը: Նա համոզմունք հայտնեց, որ աշակերտները պատվով կմարտնչեն կրթության ոլորտում, կհաղթահարեն բոլոր դժվարությունները և իրենց գիտելիքով կշենացնեն հայրենիքը: Հատկանշական էր վարժարանի աշակերտների պատրաստած միջոցառումը, որի ընթացքում տեսանյութի միջոցով, որպես հաշվետվություն, նոր ընդունված աշակերտները ծանոթացան նախորդ ուսումնական տարվա վարժարանի գործունեությանը: