10-րդ դասարանի աշակերտները կրթական ծրագրի շրջանակներում այցելեցին մեծ լուսավորիչ, մանկավարժ և գրող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան։
Այցն անցավ առանձնահատուկ ոգևորությամբ, քանի որ աշակերտները ոչ միայն ծանոթացան թանգարանի հարուստ ցուցանմուշներին ու Աբովյանի կյանքի ուշագրավ դրվագներին, այլև մասնակցեցին «Պատանի աբովյանագետ» կրթական ծրագրին։ Ընթացքում աշակերտները բաժանվեցին խմբերի և մրցակցային, միևնույն ժամանակ ջերմ մթնոլորտում պատասխանեցին Աբովյանի կյանքին, գրական ժառանգությանն ու լուսավորչական գործունեությանը վերաբերող հարցերին։
Ինտերակտիվ այս ձևաչափը թույլ տվեց Աբովյանի մասին գիտելիքները կիրառել գործնականում և հայտնաբերել նոր ու հետաքրքիր փաստեր։ Այս կրթական նախաձեռնության շնորհիվ աշակերտները ամրապնդեցին և խորացրին իրենց գիտելիքները Խաչատուր Աբովյանի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ, զարգացրին թիմային աշխատանքի, արագ կողմնորոշվելու և վերլուծական մտածողության հմտությունները և ավելի մոտիկից զգացին հայ մեծ մտածողի ապրած ժամանակաշրջանի շունչն ու արժևորեցին նրա անգնահատելի ավանդը հայ մշակույթի և կրթության գործում։