06.04.2026
Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը, «Եվրասիա» ավագ դպրոցում դարձավ տարվա ամենաջերմ, սպասված ու հիշարժան տոներից մեկը: Կրթօջախի հարկի ներքո տիրում էր իսկական տոնական եռուզեռ, որը մեկտեղել էր սերունդների հարգանքն ազգային արմատների հանդեպ և գարնանային զարթոնքի բերկրանքը:
Մեր աշակերտներն ու ուսուցիչները մեծ սիրով ու պատասխանատվությամբ էին պատրաստվել օրվան: Պահպանելով հայկական ավանդական զատկական սովորույթները՝ նրանք միասին էլ ավելի գեղեցկացրին տոնը: Դպրոցում թևածում էր ներդաշնակությունն ու բարությունը, իսկ ներկաները միմյանց փոխանցում էին միայն դրական էներգիա և անկեղծ ժպիտներ:
Տոնակատարության շրջանակներում աշակերտները ներկայացրին Սուրբ Զատկի խորհուրդը, իսկ ավանդական սեղանների շուրջ անցկացվեց բոլորի կողմից սիրված հավկթախաղը, որն ուղեկցվում էր ուրախ ծիծաղով ու մրցակցային ոգով:
«Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն առօրյան տոն դարձնելու, այլև մեր սաների հոգում հոգևոր արժեքներն ու ազգային մշակույթը վառ պահելու համար: Մենք հպարտ ենք, որ մեր աշակերտները մեծագույն հարգանքով են վերաբերվում մեր ավանդույթներին»։
«Եվրասիա» ավագ դպրոցի ողջ անձնակազմը շնորհավորում է բոլորի Սուրբ Հարության տոնը՝ մաղթելով խաղաղություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: Թող այս տոնի բերած լույսն ու հույսը միշտ ուղեկից լինեն մեր աշակերտներին իրենց կրթական ու կյանքի ճանապարհին:
Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: