Հայ էթնոսի պատմության գլխավոր էջերն ու կերպարները, անհատներ, որոնք կերտեցին Հայկական պետականությունը: Եվրասիա վարժարանի սաները հայոց պատմության ուսուցչի գլխավորությամբ հանդիսատեսին ներկայացրեցին «Հայոց թագավորությունները» խորագրով մասշտաբային նախագիծը:

Բեմում սկզբում հայոց թագուհիներն էին, ովքեր շատ բան են փոխել ինչպես իրենց արքա ամուսինների կյանքում, այնպես էլ հայոց պատմության ընթացքի մեջ։ Հայոց թագուհիներ, ովքեր բացի կին և մայր լինելուց, նաև եկեղեցու կառուցողներ ու սուրը ձեռքներին հայրենիքի պահապաններ էին։  Կարմիր թելի պես ներկայացվում էին 6 թագավորության թագուհիներից մի քանիսի հերոսական ուղին՝ Սոսեմի, Ծամծամի, Սաթենիկի, Փառանձեմի, Կատրամիդեի, Զաբելի: Պատմության ընթացքում հայոց թագուհիներն օգնել են իրենց ամուսիններին, մասնակցել երկրի կառավարման և պաշտպանության գործին: Հայոց թագուհիների կերպարում ամփոփված է հայ կնոջ բոլոր առաքինությունները և անկոտրում ոգին:

Աշակերտները անդրադարձան հայոց թագավորությունների՝ Վանի, Երվանդունի-Հայկազունիների, Արտաշեսյանների, Բագրատունյաց, Արշակունիների, Կիլիկիայի պատմությանը, երգ ու պարի միջոցով ներկայացրեցին նաև Արտաշեսի և Սաթենիկի սիրո պատմությունը:

Ինտերակտիվ ներկայացմանը մասնակից դարձան նաև հանդիսականները: Որո՞նք են ցանկացած պետության գոյության ու հզորացման գրավականները հարցով դիմեցին դահլիճում գտնվողներին: Հյուրերը նշում էին տարբեր պատճառներ՝ միասնականություն, համախմբվածություն, հզոր բանակ, գիտելիք, կրթություն…

Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանն էլ հիացմունքի խոսքով հանդես եկավ, նշելով, որ վարժարանի սաները կրկին անչափ կարևոր միջոցառում են կազմակերպել։ «Ինձ համար հասկանալի դարձավ, որ մեր սաները շատ են փոխվել և հասունացել, դարձել ինքնավստահ, տիրապետում են մշակութային բազմաթիվ ժանրերի։ «Հայոց թագավորությունները» ներկայացրեցին այնքան արհեստավարժ և մեթոդական ու մշակութային բազմազանությամբ, որ միջոցառումը ավարտվել էր, բայց դահլիճում նստածներս մնացել էինք դեռ մեր տեղերում ու շարունակում էինք ծափահարել».- կարևորեց պարոն Օհանյանը:

1IMG 6046

2IMG 6003

նկար1

photo1684052864 6

photo1684052864 5

photo1684052864 4

photo1684052864 3

photo1684052864 2

photo1684052864 1