15.04.2026
«Եվրասիա» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար օրերս կայացած դասը դուրս է եկել դպրոցական դասասենյակի սահմաններից և վերածվել իրական դիվանագիտական ճանապարհորդության։ Իսպաներենի սիրելի ուսուցչուհի Մարիա-Կրիստիի ուղեկցությամբ մեր սաները ճանաչողական և կրթական բացառիկ այց իրականացրին Իսպանիայի և Գվատեմալայի հյուպատոսարաններ:
Այս այցը սովորողների համար հրաշալի հնարավորություն էր՝ անձամբ շփվելու պատվավոր հյուպատոսի հետ, ծանոթանալու դիվանագիտական աշխատանքի նրբություններին և, որ ամենակարևորն է, գործնականում կիրառելու ու ցուցադրելու իրենց հարուստ գիտելիքները Իսպանիայի ու Գվատեմալայի պատմության, մշակույթի և ավանդույթների մասին:
Հանդիպումն անցավ չափազանց ջերմ ու կառուցողական մթնոլորտում: «Եվրասիականները» պարզապես լսողի դերում չէին. նրանք հանդես եկան նախապես պատրաստված հետաքրքիր նյութերով ու շնորհանդեսներով, հյուպատոսարանի ներկայացուցիչների հետ կիսվեցին երկու երկրների վերաբերյալ ուշագրավ փաստերով և բարձրացրին իրենց հուզող հարցերը:
Աշակերտների՝ հեշտությամբ ծավալված երկխոսությունն ու ակտիվ մասնակցությունը քննարկումներին ևս մեկ անգամ ապացուցեցին օտար լեզուների ուսուցման բարձր մակարդակը մեր կրթօջախում:
«Նմանատիպ կրթական այցերը լավագույնս մոտիվացնում են աշակերտներին: Լեզուն սովորելը միայն քերականությունն ու բառապաշարը չէ, այն մշակույթի, դիվանագիտության և աշխարհընկալման դուռ է, որն այսօր մեր աշակերտները մեծ հաջողությամբ բացեցին»։
«Եվրասիա» ավագ դպրոցը շարունակում է հավատարիմ մնալ իր որդեգրած ձևաչափին՝ տեսական գիտելիքները զուգակցել գործնական, կենդանի շփումների հետ՝ կրթելով բազմակողմանի զարգացած, ինքնավստահ ու աշխարհին բաց քաղաքացիներ: