Աշխարհի տարբեր անկյուններից հնչող հաղթական լուրերի շարքում այսօր առանձնակի հպարտությամբ ենք հայտնում մեր սան Մարի Եդիգարյանի պատմական նվաճման մասին: Իտալիայում անցկացվող Hippo 4 անգլերենի հեղինակավոր միջազգային օլիմպիադայում Մարին ցուցաբերել է բացառիկ արդյունք և քիչ առաջ պաշտոնապես ճանաչվել է մրցաշարի հաղթող:

Hippo-ն անգլերենի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր ստուգատեսներից է, որին տարեկան մասնակցում են տասնյակ հազարավոր տաղանդավոր պատանիներ աշխարհի տարբեր երկրներից: Նման խստապահանջ ու մրցակցային միջավայրում, անցնելով բարդ փուլերով, Մարիին հաջողվել է փայլել իր գիտելիքներով, լեզվամտածողությամբ և սառնասրտությամբ՝ բարձր պահելով ինչպես մեր կրթօջախի, այնպես էլ մեր երկրի պատիվը միջազգային հարթակում:

Այս փառահեղ հաղթանակը Մարիի երկարատև աշխատանքի, անդադար կատարելագործման և, անշուշտ, մեր մանկավարժների բարձր պրոֆեսիոնալիզմի արդյունքն է:

«Մարիի հաջողությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ պատանիների տաղանդն ու ձգտումները սահմաններ չեն ճանաչում: Մենք անչափ հպարտ ենք մեր սանով, ով ապացուցեց, որ լավագույնն է աշխարհի մասշտաբով»։

Մեր կրթօջախի ողջ անձնակազմի, աշակերտների և համակիրների անունից սրտանց շնորհավորում ենք Մարի Եդիգարյանին, նրա ծնողներին ու բոլոր այն ուսուցիչներին, ովքեր իրենց ավանդն են ունեցել այս հաջողության կերտման գործում:

Նորանոր բարձունքներ ու մեծագույն նվաճումներ քեզ, սիրելի՛ Մարի, համաշխարհային հարթակներում: