Այսօր «Եվրասիա» ավագ դպրոցի կամարների ներքո տիրում էր արտասովոր հուզմունք, անսահման ժպիտներ ու հիշողությունների մի ողջ հրավառություն: Հնչեց բոլորի կողմից սպասված, բայց միևնույն ժամանակ տխրություն ու ուրախություն խորհրդանշող Վերջին զանգը՝ ազդարարելով հերթական հրաշալի սերնդի դպրոցական տարիների ավարտը:

Այս օրը ոչ միայն հրաժեշտ է հարազատ դարձած կրթօջախին, սիրելի ուսուցիչներին ու դասընկերներին, այլև մի նոր, անծանոթ ու հետաքրքիր կյանքի սկիզբ: Սա մի սահմանագիծ է, որտեղից մեր շրջանավարտները քայլ են անում դեպի մեծ նպատակների, ինքնահաստատման և նորանոր հաղթանակների աշխարհ:

Դպրոցական պատերից ներս կուտակած հարուստ գիտելիքներն ու արժեքներն այսուհետ կդառնան այն ամուր հիմքը, որի վրա մեր սաները կառուցելու են իրենց ապագան:

Սիրելի՛ շրջանավարտներ, Թող ձեր ստացած գիտելիքը, համարձակ միտքն ու ամենանվիրական երազանքները միշտ առաջնորդեն ձեզ կյանքի բարդ, բայց հետաքրքիր արահետներում: Երբեք չվախենա՛ք դժվարություններից և վստահ քայլերով գնացե՛ք ձեր նպատակների հետևից:

«Եվրասիա» ավագ դպրոցի ողջ տնօրինությունն ու մանկավարժական կազմը սրտանց շնորհավորում է ձեզ այս կարևոր տոնի առթիվ:

Բարի՛ երթ ձեզ, սիրելի՛ շրջանավարտներ, և նորանոր մեծագույն ձեռքբերումներ: