26.11.2024
Եվրասիականները թեմատիկ պրակտիկայի շրջանակներում օրեր առաջ ուղևորվեցին Գյումրի, որտեղ ունեցան հետաքրքիր կանգառներ: Առաջին կանգառը իլյուզիաների թանգարանն էր, որտեղ ծանոթացան ֆիզիկայի, մաթեմատիկայի, հոգեբանության վրա հիմնված 50 ցուցանմուշներին: Այցելեցին առաջին հայացքից սովորական թվացող, բայց իրականում «կախարդական» սենյակներ, որոնք լեցուն էին տեսողական խաբկանք առաջացնող երկրաչափական, տարածաչափական պատկերներով: Երկրորդ կանգառը «Լենտեքս» գործարանն էր, որն այսօր Հայաստանում գուլպաների և զուգագուլպաների խոշորագույն արտադրողներից է: Աշակերտները ծանոթացան գործարանի ստեղծման պատմությանը, գործունեությանը, արտադրանքին: Երրորդ կանգառը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էր: Շատ հետաքրքիր էր և կախարդական 159-ամյա թատրոնի ստեղծման պատմությունը, անցած ուղին, ստեղծագործական կյանքը, դաստիարակող էր դերասանների՝ մեծերի գործով ու խոսքով սերունդներ կրթող անդուլ ու տքնաջան աշխատանքը, թատրոնի արհեստանոցը, որտեղ ծնունդ են առել տարբեր ներկայացումների անբաժանելի մաս կազմող խոսուն դեկորները: Էքսկուրսիան ամփոփվեց Սև բերդ այցելությամբ: Սև բերդի բեմում դհոլի խրոխտ ու բամբ ձայնի ներքո ամբողջացավ շուրջպարը, որն էլ հայի միասնության և հարատևության խորհրդանիշն է: